«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի ռեժիսորն Էմի Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանի
«Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանի: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Սցենարը գրել է Մեթ Գրինհալգը, իսկ ֆիլմի վրա աշխատանքն այժմ ընթանում է արագ տեմպերով. հայտնի է, որ Թեյլոր-Ջոնսոնը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի դերասանուհի փնտրել Ուայնհաուսի դերի համար։ Սյուժեի մանրամասները դեռեւս չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ ժապավենը կպատմի աստղի հաջողության եւ նրա ողբերգական մահվան մասին:
Հաղորդվում է, որ նախագիծը ֆինանսավորելու է երգչուհու ընտանիքը, որին Ուայնհաուսի ունեցվածքը հասանելի է դարձել 2011 թվականին՝ նրա մահից հետո: Ավելի վաղ երգչուհու հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, քննադատել էր 2016 թվականի օսկարակիր Էմի վավերագրական ֆիլմը՝ ասելով, որ իր դստերը դրանում ցուցադրել են «վատագույն լույսի ներքո»։