Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում
Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց առայժմ պատասխան չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրն Անկարայում։
«Եթե խոսքը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլիներ, որպեսզի բանակցություններն անցկացվեին առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց առայժմ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է։ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ավելացրել է աղբյուրը։