Ամերիկացի զբոսաշրջիկը սելֆի անելիս ընել է Վեզուվի խառնարանը
Ամերիկացի զբոսաշրջիկը թեթեւ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ընկել է Վեզուվի խառնարանը. նա փորձում էր խառնարանից հանել իր հեռախոսը։
23-ամյա տղամարդը եւ նրա ընտանիքը հասել էին 1 281 մետր բարձրությամբ հրաբխի գագաթին՝ անտեսելով այցելուների համար դրված արգելափայտն ու անցնելով փակ ճանապարհով։
Տեղի մամուլի տեղեկացմամբ՝ տղամարդը սելֆի էր անում, երբ նրա հեռախոսն ընկել է հրաբխի խառնարանը։ Նա այնուհետեւ իջել է խառնարանի մեջ՝ փորձելով հանել հեռախոսը, բայց հավասարակշռությունը կորցնելով ընկել է մի քանի մետր։
Ուղեկցորդներն առաջինն են հասել պատահարի վայր եւ իջել խառնարան, որպեսզի դուրս բերեն տղամարդուն։ Պատահարի վայր է ժամանել նաեւ ոստիկանությունը, փրկարար գործողություններին օգնություն ցուցաբերելու համար լեռնափրկարար ուղղաթիռ է օգտագործվել։ Տղամարդը թեթեւ վնասվածքներ է ստացել ձեռքերին եւ թիկունքին։
Զբոսաշրջիկին եւ նրա երեք ազգականներին մեղադրանք է ներկայացվել ընդհանուր օգտագործման տարածք ներխուժելու պատճառով։ Խումբը, որը հրաբխի մոտ էր գնացել առանց տոմսերի, անցել էր այն ճանապարհով, որը հստակ նշված է որպես արգելված ուղի չափազանց վտանգավոր լինելու պատճառով։