Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա․ Արմեն Գրիգորյան
Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս գործընթացը փակուղում չէ՝ հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նախատեսված վերջին հանդիպումը չեղարկվեց։
«Ես այն չէի որակի փակուղի, որովհետև նախ՝ դելիմիտացիայի մասով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով, և երկու կողմերն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը։ Մյուս հանդիպումը գիտեք, որ պետք է տեղի ունենա Մոսկվայում, իսկ հաջորդը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան, և այդ հանդիպումը տեղի կունենա։ Տեղյակ եք նաև, որ վերջերս Պետերբուրգում ապաշրջափակման թեմայով փոխվարչապետերը հանդիպել են և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել։ Կարծում եմ՝ այս առումով ևս դրական ազդակ ունենք և հնարավորություն կա առաջ շարժվելու»,– ասել է նա։
ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։ «Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի [Ադրբեջանի կողմից – խմբ․], բնականաբար մենք ավելի շատ արագ առաջ կգնանք»,– ասել է նա։
ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ «Այդ հանդիպման և այլ հարցեր քննարկվում են ․․․ քննարկում ենք, որպեսզի հանդիպում լինի, նաև այլ ուղղություններով քննարկումներ են ընթանում։ Հույս ունենանք, որ նաև մոտ շրջանում խաղաղության պայմանագրի առարկայական հանդիպումներ կլինեն, և մենք կկարողանանք առաջ շարժվել, արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են, հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք։