Զգացողություն ունեմ՝ իմ տղան զորացրվել ու տուն է եկել. ծնվել է պատերազմում զոհված Մուշեղ Վարդանյանի եղբայրը
Արցախյան 44-օրյա պատերազմում 18-ամյա որդուն՝ Մուշեղ ին, կորցրած Վարդանյանները կրկին որդի են ունեցել: Ծնողները, ի պատիվ կրտսեր եղբոր, նորածնին անվանակոչել են Մուշ:
Մուշեղի մայրը՝ Լուսինեն, հետ զրույցում ասաց, որ պատահական չէր, որ նորածինը ծնվեց այս ամիս՝ մի քանի շաբաթ շուտ։
«Հուլիսի 28-ին Մուշս պետք է զորացրվեր, իսկ մեր պուճուրը պետք է հենց այդ ժամանակ ծնվեր: Ինքս ինձ մտածում էի՝ ինչի՞ հենց հուլիսը: Ու միշտ ցանկացել եմ, որ ամսի 1-ին լիներ, քանի որ Մուշս նոյեմբեր 1-ին էր ծնվել: Այն զգացողությունն ունեմ, որ իմ տղան զորացրվել ու տուն է եկել»,– ասաց տիկին Լուսինեն։
Պատերազմում որդուն կորցրած 41–ամյա կինը նորից մայրանալու որոշումը դժվար է կայացրել, բայց հետո իր մեջ ուժ է գտել. «Պատահական իմացա, որ բալիկի եմ սպասում: Երբ պարզվեց, որ տղա երեխա ենք ունենալու, մեր տանը մի նոր ուրախություն էր։ Կեսարյան հատման ժամանակ մտքով Մուշեղիս հետ էի, այնպիսի ուժ էր տղաս ինձ տալիս, որ անգամ արթնանալուց հետո եմ զգացել»։
Հիշեցնենք, որ 18-ամյա Մուշեղ Վարդանյանը ծառայության հենց սկզբում որոշել էր, որ զորակոչվելուց պետք է իր ծառայությունն անցկացնի Արցախում։ 2020թ.–ի սեպտեմբերին Մուշեղն ընդամենը 2 ամսվա ծառայող է եղել, սակայն կռվել է թեժ տեղերում։ Նա ծանր վիրավորվել է հոկտեմբերի 19–ին եւ նույնիսկ այդ վիճակում չի լքել իրեն վստահված դիրքը և հրամանատարի հետ, ով նույնպես վիրավորվել է, հերոսաբար կռվել է։ Վիրավոր հրամանատարը սպասել է այնքան, մինչև Մուշեղին տեղափոխեն անվտանգ վայր, որից հետո միայն համաձայնվել է, որ իրեն նույնպես տեղափոխեն հիվանդանոց։ Մուշեղը տեղափոխվել է Երեւան, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չի հաջողվել։