ԱՄՆ-ը կարող է չեղարկել Էր Ռիյադին հարձակողական զենքի վաճառքի արգելքը. ԶԼՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության վաճառքի արգելքը հանելու հնարավորությունը, տեղեկացրել է «Ռոյթըր» գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ վերջին ամիսներին Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել են, որպեսզի ԱՄՆ-ը հրաժարվի Էր Ռիյադին միայն պաշտպանական սպառազինություն վաճառելու քաղաքականությունից։ Ինչպես տեղեկացվել է, հարցի քննարկումներն ԱՄՆ-ում կրում են ոչ պաշտոնական բնույթ եւ վաղ փուլում են, ուստի առաջիկայում որոշում չի կայացվի։ Աղբյուրներից մեկը նշել է, որ «ներկայում» ԱՄՆ-ը բանակցություններ չի վարում Սաուդյան Արաբիայի հետ հարձակողական սպառազինությունների վերաբերյալ։
Աղբյուրների կարծիքով՝ ցանկացած վերջնական որոշում կախված կլինի այն բանից, թե արդյոք Էր Ռիյադը կհասնի առաջընթացի Եմենի հետ պատերազմն ավարտելու հարցում։
Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, Բայդենը Մերձավոր Արեւելք ուղեւորվելուց առաջ հասկանալ է տվել, որ փորձում է վերալիցքավորել լարված հարաբերությունները Սաուդյան Արաբայի հետ՝ ցանկանալով ավելացնել նավթի մատակարարումները Պարսից ծոցից։
Բայդենը հուլիսի 13-16-ին կայցելի Իսրայել, Հորդանան գետի Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա՝ իր նախագահության առաջին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում։ Նա պարծեցել է, թե կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որն ուղիղ կթռչի Իսրայելից սաուդյան Ջիդա քաղաք, որտեղ տեղի է ունենալու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստը։ Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, հպարտանում էր, որ ԱՄՆ առաջին նախագահն է, որ Սաուդյան Արաբիայից Իսրայել է թռել։