Twitter-ը շաբաթվա սկզբին դատի կտա Մասկին՝ ընկերությունը գնելուց հրաժարվելու համար
Ամերիկյան Twitter ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանց ունի, մտադիր է շաբաթվա սկզբին դատի տալ գործարար Իլոն Մասկին, քանի որ նա հրաժարվել է գնել այն 44 մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ Twitter-ի ղեկավարությունը պայմանագիր է կնքել Նյու Յորքում գտնվող Wachtell, Lipton, Rosen & Katz (WLRK) իրավաբանական ընկերության հետ, որը կներկայացնի ընկերության շահերը դատարանում։ Սպասվում է, որ շաբաթվա սկզբին Twitter-ը համապատասխան հայց կներկայացնի Դելավեր նահանգի դատարան։
Ավելի վաղ Մասկը խզել էր Twitter-ը գնելու պայմանագիրը, ինչի մասին վկայում է ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Վիջայ Գադեի անունով ծանուցման պատճենը, որը հրապարակվել է ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կայքում։ Նամակում, մասնավորապես, նշվել է, որ ընկերությունը չի կատարել համաձայնագրով նախատեսված մի շարք պարտավորություններ, այդ թվում լիակատար տեղեկություն տրամադրելը, ինչը կարող էր ցույց տալ կեղծ օգտահաշիվները եւ գրառումները, որոնք օգտագործվել են զանգվածային առաքման համար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը նշել է, որ Twitter-ը մտադիր է դատի տալ գործարարին, որպեսզի հասնի այն բանին, որ գործարքը կատարվի։ Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը, համաձայնագրի խզման դեպքում Մասկը ընկերությանը կվճարի մոտ 1 մլրդ դոլարի փոխհատուցում։
Ապրիլին Twitter-ի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ Մասկը առաջարկել է ձեռք բերել սոցցանցը 44 մլրդ դոլարով։ Մայիսին գործարարը հայտարարել էր, որ կփորձի տեղեկություն ստանալ, որը կհաստատեր, որ կեղծ եւ զանգվածային առաքման համար օգտագործվող գովազդային հաղորդումները կազմում են ընդհանուր թվի 5 տոկոսից քիչ մասը Twitter-ում։
Մասկը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն է։ Bloomberg գործակալության գնահատականներով՝ գործարարը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Նրա կարողությունը գնահատվում է 227 մլրդ դոլար։