ԱՄՆ-ը կարող է պարտվել կապիկի ծաղկի դեմ պատերազմում
Եթե խոսելու լինենք համաճարակների մասին, ապա կապիկի ծաղիկը պետք է համեմատաբար հեշտ վերացվեր։ Վիրուսը տարածվում է միայն սերտ շփման դեպքում, իսկ թեստերը եւ պատվաստանյութերը ձեռքի տակ կային մինչեւ ներկայիս բռնկումը։
Սակայն արձագանքն ԱՄՆ-ում թույլ էր եւ դանդաղ, որը հիշեցնում էր COVID-ի համավարակի առաջին օրերը, նշել են փորձագետները՝ տագնապալի հարցեր բարձրացնելով համաճարակաբանական սպառնալիքներին երկրի պատրաստ լինելու վերաբերյալ, գրել է The New York Times-ը։
ԱՄՆ-ում արդեն գրանցվել է հիվանդության մոտ 700 դեպք, բայց փորձագետները նշում են, որ իրական թիվն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է։ Հավանաբար, տեղի կունենան շատ վարակումներ, մինչեւ որ հաջողվի բռնկումը վերցնել վերահսկողության տակ, եթե հնարավոր էլ է ներկա պահին այն վերահսկել։
Փորձագետների խոսքով՝ խոչընդոտները կրում են համակարգային բնույթ եւ գոյություն ունեն պետական կառավարման բոլոր մակարդակներում, ու բանը մեկ մարդը կամ գերատեսչությունը չէ։
Օրինակ, 2010թ. ԱՄՆ-ում հաշվել էին, որ կենսաահաբեկչական գրոհի դեպքում կպահանջվի 132 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կապիկի ծաղկի եւ ծաղկի դեմ՝ նրանց համար, ովքեր չեն կարողանա անվտանգ ընդունել ծանր կողմնակի ազդեցություններ ունեցող հին սերնդի պատվաստանյութը։ Բայց ներկա բռնկումից երկու ամիս անց ռազմավարական ազգային պաշարն ընդամենը 64 000 դեղաչափ է։
Նահանգների եւ օկրուգների առողջապահության վարչությունները հաճախ սահմանում են իրենց սեփական կանոնները եւ առաջնահերթությունները, որոնք երբեմն հակասում են դաշնային ղեկավարությանը։
Կապիկի ծաղկով վարակվածների թիվը գերազանցել է 8 100 մարդը, հիմնականում դրանք ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդիկ են, նույնքան էլ պոտենցիալ դեպքեր կան, որոնք հետաքննման փուլում են։ Այս պացիենտներից շատերը չեն կարող պարզել վարակման աղբյուրը, ինչը վկայում է հասարակության մեջ վարակի զգալի տարածման մասին։
ԱՄՆ-ում հայտնաբերվել է վիրուսի առնվազն երկու տարբերակ, ինչը նշանակում է փոխանցման երկու զուգահեռ շղթայի առկայության մասին։
Հանրային առողջապահության մոտավորապես 70 լաբորատորիաների ցանցը հնարավորություն ունի պարզելու օրթոպոկսովիրուսները, որոնց ընտանիքը ներառում է ծաղիկը եւ կապիկի ծաղիկը։ Բայց տեղի բժիշկները պետք է սկզբում թույլտվություն ստանան հանրային առողջապահության պետական մասնագետից, հետո ինչ-որ կերպ ձեռք բերեն նմուշները լաբորատորիաներից մեկում. նույն պրոցեսն օգտագործվում էր 2020թ. սկզբին՝ կորոնավիրուսային վարակը պարզելու համար։
Առողջապահության տեղական բաժինները հետեւում են շփումներին միայն ախտորոշման հաստատումից հետո՝ դրանով իսկ թույլ տալով, որպեսզի փոխանցման շղթան շարունակվի։