Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը. Իշխան Սաղաթելյան
Այս օրերին թուրք-ադերբեջանական պատվիրակությունները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել որպես ռեւանշիստական ուժեր, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր. իրենց այդ թեզերը նաեւ աջակցություն են ստանում Հայաստանի որոշ շրջանակների կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մեզ համար ակնհայտ էր, որ թուրք-ադրբեջանական պատվիրակությունները ՀՀ ընդդիմությանը ներկայացնում են այն նույն թեզերոբվ, ինչպես ՀՀ իշխանությունները բնութագրում են ընդդիմությանը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նկատեց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն:
Նրա ներկայացմամբ, Ադրբեջանը հետաքրքիր է դարձել եվրոպական երկրների համար` հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ ճգնաժամը. «Այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը», - ասաց նա:
Սաղաթելյանի հաջորդ դիտարկումն այն էր, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին ու կազմակերպություններին զեկուցումները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք ու իրական. «Եվրոպական խորհրդարանում հանդիպումները շատ կարևոր էին, որպեսզի ներկայացնեինք այն ներքաղաքական իրավիճակը, որ գոյություն ունի Հայաստանում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը: