«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը (Տեսանյութ)
Երևանում կինոտոն էր. կարմիր գորգի տոնական արարողությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Համավարակային փուլն աստիճանաբար հաղթահարելով` փառատոնն երեկ ֆիլմասերներին ներկայանում էր նորովի ու նոր ծրագրերով:
Կինոփառատոնն այս տարի կունենա երեք մրցութային ծրագիր։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, որը եւս Հայաստանում է. ռեժիսորն արդեն երրորդ անգամ է Երեւանում. ասում է` հատկապես հավանում է մարդկանց, սնունդը ու եղանակը:
«Այս առավոտ ենք դիտել առաջին ֆիլմը. այս 8-9 օրերի ընթացքում պետք է դիտենք մոտ 11 ֆիլմ: Անհամբերությամբ սպասում եմ տեսնել դրանք: Նաեւ ցուցադրվում են իմ ֆիլմերից մի քանիսը... Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ցուցադրել դրանք հայ հանդիսատեսին»,-նշեց ռեժիսորը, որն այսօր արժանացավ նաեւ «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին:
«Ոսկե ծիրանի» տարբեր ծրագրերի շրջանակում կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ՝ Կաննի, Բեռլինի եւ այլ միջազգային կինոփառատոններից։ Որպես բացման ֆիլմ ընտրվել է ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի»-ն: Ռեժիսորն անհամբերությամբ էր սպասում պրեմիերային. ոգեւորված էր, մի փոքր էլ` հուզված.
«Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն պատմում է ամերիկացի մի տղամարդու մասին, որը վերադառնում է հայրենիք ու փորձում գտնել իր արմատները: Իսկ մնացածը չեմ բացահայտի, որպեսզի մարդիկ դիտեն ֆիլմը»,-պատմեց նա։
«Ոսկե ծիրանն» այս տարի տեւելու է մինչեւ հուլիսի 17-ը: Կինոփառատոնի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով: