Հակոբ Սերոբյան. Մեզ համար անակնկալ էր, որ Բաքվում կճանաչվենք աշխարհի բացարձակ գավաթակիրներ
Մեզ համար անակնկալ էր, որ Բաքվում կճանաչվենք աշխարհի բացարձակ գավաթակիրներ: Եվրոպայի առաջնությունից առաջ թիմի հոգեբանական տրամադրվածությունը շատ բարձր է, հատկապես այսպիսի հաղթանակներից հետո:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Բաքվում աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլից հետո բոլոր փուլերի արդյունքների ամփոփումից հետո Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը հռչակվել են աշխարհի գավաթակիրներ: Նրանց նաեւ շնորհվել է անվանական գավաթներ, բայց Հայաստանի թիմը ներկա չի եղել Բաքվում անցկացված պարգեւատրման արարողությանը:
Այս շրջանում աշխարհի գավաթակիրները Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 17-22-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Նշենք, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվելու է նաեւ երիտասարդների ԵԱ-ն, որին Հայաստանը մասնակցելու է թիմով:
Պարոն Սերոբյան, ովքե՞ր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Արդեն հայտնի՞ է կազմը:
Երիտասարդները մասնակցում են թիմով՝ 3 մարմնամարզիկով․ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան եւ Էրիկ Բաղդասարյան: Երեքն էլ մասնակցելու են բազմամարտում: Մեծահասակների կազմում կունենանք 5 մասնակից՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան: Մեծահասակները թիմային պայքարում չեն լինի: Արթուր Դավթյանը կմասնակցի երկու գործիքում՝ հենացատկ եւ նժույգ թափեր, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներ, Հարություն Մերդինյանը նժույգ թափեր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտ:
Ինչո՞ւ չեք մասնակցում թիմային պայքարում. նախկինում ծրագրում էիք:
Այս պահին թիմով մասնակցելու կարիք չկա: Մենք արդեն ունենք աշխարհի առաջնության առանձին գործիքների 4 մասնակից: Աշխարհի գավաթի փուլերից հետո Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանն իրենց լավագույն արդյունքների շնորհիվ իրավունք են ձեռք բերել մասնակցել աշխարհի առաջնության առանձին գործիքների պայքարում:
Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու Եվրոպայի առաջնությաննը
Երկու փուլով ենք պատրաստվելու: Սկզբնական փուլը կանցնենք Երեւանում հուլիսի 15-ից մինչեւ հուլիսի 24-ը: Երկրորդ փուլը կանցնենք Թբիլիսիում: Հուլիսի 24-ից օգոստոսի 14-ն հավաք կանենք եւ այնտեղից կմեկնենք Մյունխեն:
Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հնարավորությունները:
Չենք շտապում: Նոր ենք սկսելու ծանրաբեռնված մարզումները: Դեռ շուտ է սպասելիքների մասին խոսել: Երեքն էլ առաջին անգամ են մասնակցում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, այսինքն՝ որպես խոշոր մրցաշար սա նրանց առաջին փորձն է լինելու: Էրիկ Բաղդասարյանը մինչ այդ կմասնակցի պատանեկան օլիմպիական փառատոնին, որը տեղի է ունենալու հուլիսի 22-30-ը Սոլվակիայում: Հույս ունեմ, որ լավ է լինելու: Լավ տղաներ են, կռիվ տվող են:
Թիմային մրցաշարն անցնում է այսպես. յուրաքանչյուր թիմ իրավունք ունի ներկայանալ 5 մասնակցով, բայց ամեն գործիքին մոտենում է տվյալ երկրի թիմի 4 մարմնամարզիկ: Այդ 4 մասնակցի 3-ի լավագույն արդյունքն է գնում թիմային հաշվարկ:
Ինչպես արդեն ասացի՝ երիտասարդներն են թիմով մասնակցում, բայց մենք գնում ենք «վաբանկ». 3 մասնակից, 3-ից 3-ն էլ պետք է մոտենան գործիքներին: Հենց այս պատճառով որոշել ենք, որ երեքն էլ հանդես կգան բազմամարտում եւ կփորձեն միավորներ վաստակել բոլոր 6 գործիքներում:
Ի՞նչ կանխատեսումներ ունեք մեծահասակներում: Մեդալային ակնկալիքներ կա՞ն:
5-ից 4-ը մեդալների համար պայքարող են: Սա չի նշանակում, որ 5-րդ մասնակիցը, այս պարագայում Գագիկ Խաչիկյանը, եզրափակիչ մտնելու շանսեր չունի: Եթե մեր տղաները բոլորն էլ իրենց վարժությունները կատարեն այնպես, ինչպես տիրապետում են, վստահ՝ եզրափակիչում են լինելու: Թե եզրափակիչում ինչ կլինի, որեւէ մեկը չի կարող ասել: Մեր տղաները Եվրոպայի ուժեղագույններից են, այդ մասին բոլորը գիտեն, նրանց բոլորն են ճանաչում: Նրանցից յուրաքանչյուրն իր գործիքի վրա ֆավորիտ է համարվում, բայց եզրափակիչները միշտ անկանխատեսելի են. միավորներով այնքան մոտ են լինում, որ դժվար է որեւէ կանխատեսում անել:
Թիմի հոգեբանական տրամադրվածությունը շատ բարձր է, հատկապես աշխարհի գավաթի փուլերի հաղթանակներից հետո: Իրենք գիտեն, որ ուժեղ են, միայն պետք է անեն այն, ինչ կարողանում են:
Պարոն Սերոբյան, Բաքվում Արթուր Դավթյանի եւ Վահագն Դավթյանի գավաթակիր դառնալը շատ մեծ արձագանքների արժանացավ: Եղան նաեւ հրապարակումներ, թե Բաքվում բարձրացվել է Հայաստանի դրոշը: Ճի՞շտ է: Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում:
Թյուրըմբռնում կա. ես չեմ տեսել, որ Բաքվում դրոշներ են բարձրացվել: Ինչպես հայտնի է՝ աշխարհի գավաթի 4-րդ փուլը տեղի է ունեցել Բաքվում, որին մենք հասկանալի պատճառներով չմասնակցեցինք: Նախորդ երեք փուլերում մեր տղաների հավաքած միավորներով հենացատկում եւ օղակներում դարձանք բացարձակ գավաթակիր: Բաքվում ամփոփվեցին արդյունքները եւ տրվեցին գավաթներ: Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին նրանց գործիքների անուններով տրվեցին գավաթները, որոնց վրա գրված է նաեւ Բաքու՝ մրցաշարի անցկացման վայրը:
Բաքվում հայտարարվել են Արթուր Դավթյանի եւ Վահագն Դավթյանի անունները, բայց տեղյակ չեմ՝ դրոշներ բարձրացվել է, թե ոչ: Իմ տեղեկություններով միայն հայտարարվել են անունները, իսկ մեզ փոստով են ուղարկել գավաթները: Տղաներն ունեն նաեւ դրամական պարգեւներ: Դրոշներ բարձրացնելու առումով վստահ չեմ, քանի որ ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ տեղ է եղել, այլ գավաթներ են հանձնել բոլոր բացարձակ հաղթողներին: Առաջին անգամ էին այսպես բացարձակ հաղթողներ որոշում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: