Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը տեղեկացրել է, որ կառաջադրի իր թեկնածությունը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնին։
«Ես ընտրություններում կպայքարեմ որպես պահպանողական եւ կկառավարեմ որպես պահպանողական»,- գրել է Թրասը Telegraph թերթի հոդվածում։
Նախարարը խոստացել է «անմիջապես գործի անցնել» նոր պաշտոնում՝ տնտեսության վերականգնման եւ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի «պարտությունն» ապահովելու նպատակով։ Թրասը խոստացել է նաեւ վարչապետության «առաջին օրվանից իջեցնել հարկերը»։
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ներկայում զբաղեցրած պաշտոնում «օգնել է գլխավորել միջազգային պատասխան միջոցներն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողությանը, ինչպես նաեւ կոշտ պատժամիջոցների փաթեթ է մտցրել։ Թրասի կարծիքով՝ Բրիտանիան բախվում է «հսկայական մարտահրավերների արտասահմանում՝ ագրեսիվ Ռուսաստանից մինչեւ էլ ավելի անհողդողդ Չինաստան»։
2019թ. վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինած Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին հայտարարել է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններից իր հրաժարականի մասին։ Նա կկատարի պարտականությունները մինչեւ նոր վարչապետի նշանակումը։