Ե՞րբ հրաժարական կտա Շրի Լանկայի նախագահը
Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հուլիսի 13-ին հրաժարական կտա երկրի ղեկավարի պաշտոնից: Վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապ Աբեյվարդենին՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Newswire լրատվական պորտալը։
Ըստ այդ տվյալների՝ Ռաջապաքսան խոսնակին տեղեկացրել է իր համապատասխան որոշման մասին։
Շրի Լանկայում ցուցարարները, որոնք ավելի վաղ ներխուժել էին վարչապետի նստավայր, հրկիզել են կառավարական շենքը:
Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք ներխուժել են Ռաջապաքսի նստավայր։ Ցույցերի ֆոնին վարչապետ Վիկրամասինգհեն համաձայնել է լքել պաշտոնը։
Բողոքի ակցիաները, որոնց հանգեցրել է երկրում ֆինանսատնտեսական բարդ իրավիճակը, կղզում չեն դադարում ապրիլի սկզբից:
Վիկրամասինգհեի խոսքով՝ Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի և նավթամթերքի, պարարտանյութերի, բնակչության որոշակի խմբերի սննդամթերքի և դեղամիջոցների լուրջ պակաս է զգում: Նրա գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար կպահանջվի երեք տարի կամ նույնիսկ ավելին։