Բլինքենը Չինաստանի ԱԳ նախարարին մտահոգություն է հայտնել Պեկինի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրն ասել է, որ «ինքը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ ավելի քան հինգ ժամ ընթացող բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում ռուսական ագրեսիան, եւ մտահոգություն է հայտնել Մոսկվայի հետ Պեկինի մերձեցման կապակցությամբ», հաղորդում է Reuters-ը։
Բլինքենը հոկտեմբերից ի վեր Վանի հետ առաջին անձնական բանակցություններից հետո, Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու հաջորդ օրը ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում:
«Ես եւս մեկ անգամ մտքերս հայտնեցի պետական խորհրդականին այն մասին, որ մենք մտահոգված ենք Չինաստանի եւ Ռուսաստանի մերձեցմամբ»,- ասել է Բլինքենը։
Նա նաեւ նշել է, թե չի կարծում, որ Չինաստանը չեզոք է պահում իրեն, քանի որ աջակցում է Ռուսաստանին ՄԱԿ-ում եւ «ուժեղացնում է ռուսական քարոզչությունը»։
Բլինքենն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունիսի 13-ին հասկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինին, որ պաշտպանում է Ռուսաստանի հետ գործընկերության որոշումը:
Բլինքենը հրաժարվել է բնութագրել Վանի արձագանքը շաբաթ օրվա բանակցություններին, բայց դրանք «օգտակար, անկեղծ եւ կառուցողական» է անվանել:
Միաժամանակ, ինքը՝ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը, Բլինքենի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի անցկացրել։
Ամերիկացի պաշտոնյաները բանակցություններից առաջ ասել են, որ հանդիպումը նպատակ ունի կայուն պահել ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարդ հարաբերությունները եւ թույլ չտալ, որ դրանք «ակամա հասնեն բախման»:
Բլինքենի խոսքով՝ ակնկալվում է, որ նախագահներ Ջո Բայդենը եւ Սի Ծինփինը կրկին կշփվեն առաջիկա շաբաթներին։