Շրի Լանկայի վարչապետը որոշել է հրաժարական տալ
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինհեն կուսակցությունների առաջնորդներին ասել է, որ պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից եւ տեղ բացել ընդհանուր կուսակցական կառավարություն ձեւավորելու համար, հայտնում է News 1st-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի վարչապետի գրասենյակը։
Նրա խոսքով, ինքն այդ որոշումն ընդունում է, քանի որ այս շաբաթ պետք է վերսկսվի կղզում վառելիքի բաշխումը, երկիր պետք է այցելի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենը եւ պետք է ավարտվի ԱՄՀ-ի պարտքի կայունության մասին զեկույցի պատրաստումը:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար նա համաձայնել է ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների այս առաջարկին։
Վարչապետի լրատվության վարչությունը հայտնել է, որ նա կհեռանա այն բանից հետո, երբ ստեղծվի բոլոր կուսակցությունների կառավարություն եւ խորհրդարանում մեծամասնություն ապահովվի: