Մոտ 1000 հրշեջներ պայքարում են Ֆրանսիայի հարավում «մեգահրդեհի» դեմ
Գրեթե 1000 հրշեջներ ինքնաթիռների աջակցությամբ ուղարկվել են պայքարելու Ֆրանսիայի հարավային Գարդի շրջանում բռնկված զանգվածային հրդեհի դեմ, որի հետեւանքով այրվել է 600 հեկտար տարածք եւ տարհանվել են բնակիչներ, հայտնում է The Guardian-ը:
Տեղի իշխանությունները ուրբաթ օրը հայտնել են, որ հրդեհը վերահսկվում է, սակայն մարելու համար մի քանի օր կպահանջվի։
«Այժմ իրավիճակը բարելավվում է,- ուրբաթ երեկոյան BFM-ին տված հարցազրույցում ասել է Գարդի պրեֆեկտ Մարի-Ֆրանսուազա Լեկայոնը,- Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ Մենք պետք է զգոն լինենք»։
Միաժամանակ հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հրդեհը դեռ հեռու է ավարտվելուց։ Դժվար հասանելի վայրերում կան ճակատներ, որոնք դեռ չեն բռնկվել։
«Մեգահրդեհը» բռնկվել է հինգշաբթի երեկոյան՝ Բորդեզակ գյուղի մոտ, եւ ստիպել է տարհանել մերձակա Բեսսեժի ու այլ բնակավայրերի բնակիչներին։
Պրեֆեկտը հայտնել է, որ մոտ 100 մարդու տեղավորել են Մոնպելյեից եւ Միջերկրական ծովի ափից մոտ 90 կմ հյուսիս գտնվող տարածքի հանգստյան տներում եւ ռեստորաններում։
Ուրբաթ օրվա դրությամբ մարդկանց տներին այլեւս վտանգ չի սպառնացել, վնասվել է միայն ավտոտնակ եւ փոքրիկ խրճիթ:
Ուրբաթ առավոտյան Գարդի շրջանի հրշեջ վարչությունը հայտնել է, որ 13 հրշեջներ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Բացի ցամաքում գտնվող անձնակազմից, վաղ առավոտից երկու ինքնաթիռներ ջուր են նետել։ Ուրբաթ օրը օդ է բարձրացել 12 հրշեջ ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ։
Բեսսեժի շրջանի ճանապարհները փակվել են տրանսպորտի երթեւեկության համար, իսկ հարյուրավոր հրշեջներ մնացել են դեպքի վայրում, որոնցից մի քանիսը բերվել են հարեւան շրջաններից։
Ինչպես երկրի մեծ մասը, այնպես էլ Ֆրանսիայի հարավ-արեւելքը այս տարի տուժում է երաշտից, ինչը մեծացնում է հրդեհների վտանգը: