Շրի Լանկայի կուսակցությունների առաջնորդները պահանջել են նախագահի հրաժարականը
Կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը, որը վարել է խորհրդարանի խոսնակը, որոշվել է, որ Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան պետք է հրաժարական տա, հաղորդում է Newswire-ը:
Հաղորդվում է, որ կուսակցությունների առաջնորդները նախագահին խնդրել են հրաժարական տալ:
Խորհրդարանի նախագահն այս գիշեր կուսակցությունների առաջնորդների հանդիպման է հրավիրել այն բանից հետո, երբ հանրությունը ներխուժել է Կոլոմբոյում նախագահի պաշտոնական նստավայր եւ նախագահական քարտուղարություն:
Թեեւ ցուցարարները զբաղեցրել են նախագահի պաշտոնական նստավայրը եւ նախագահական քարտուղարությունը, սակայն նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ։
Մարդիկ զանգվածային բողոքի ցույցերով դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի եւ վարչապետի հրաժարականը՝ կապված երկրում առկա ճգնաժամի հետ։
Մինչ կուսակցությունների ղեկավարների հավաքի մեկնարկը վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ նախագահն ասել է, թե կհարգի այսօր կուսակցությունների առաջնորդների ժողովում ընդունված որոշումը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Շրի Լանկայի նախագահը լքել է երկիրը։