Դաշտավան գյուղում արագիլները աղտոտվում ու սատկում են. բնապահպանը տեսանյութ է հրապարակել
Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում բնության նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Լեւոն Գալստյանը՝ կից տեղադրելով տեսանյութ։
«7-8 տարի է այս խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել պետական կառույցները։ Այս ահազանգը ստացել ենք Արարատի մարզի Դաշտավան գյուղից, որտեղից մեզ հայտնեցին, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ»,– գրել է Լեւոն Գալստյանը։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ էկոլոգները ահազանգում են, որ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով արագիլները անհետանալու սպառնալիքի տակ են հայտնվել։ 2021 թվականին, օրինակ, Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռվել էր հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: Նախարարը նշել էր, որ ամիսներ տեւած ուսումնասիրությունների եւ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, թե որն էր արագիլների աղտոտման հիմնական պատճառները:
«Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների եւ նաեւ ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման եւ հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։
Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը»,– դեռ մեկ տարի առաջ ասել էր Ռոմանոս Պետրոսյանը։