Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հրաժարական է տվել
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, որն այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա հունվարին, հրաժարական է տալիս։ Այդ մասին նա հայտարարել է Delfi պարբերականին։
Կալասի խոսքով՝ իր որոշումը պայմանավորված է նոր կառավարության ձևավորման շուրջ բանակցություններով։ «Հայրենիք» (Isamaa) կուսակցության անդամները բազմիցս հայտարարել են, որ կմիանան կոալիցիային, եթե Կալասը հեռանա վարչապետի պաշտոնից։ Կայա Կալասը հայտնել է, որ նրանք ցանկանում են որքան հնարավոր է արագ ձևավորել կառավարություն, բայց խորհրդարանի նիստ կազմակերպելը կարող է բարդ լինել, որովհետև սկսվել են ամառային արձակուրդները։
«Ես ինքս եմ ներկայացրել այդ առաջարկը (հրաժարականի մասին), որովհետև եթե ես ուղղակի նշանակեի նոր նախարարներին, մեծ աղմուկ և դժգոհություն կլիներ։ <…> Ներկայիս իրավիճակում մենք ունենք գործող մեծամասնության կառավարություն և ինձ համար կարևոր է, որպեսզի մենք էստոներենով կրթական բարեփոխումներ անենք և անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որ մարդկանց օգնենք հաղթահարել ճգնաժամը»,- ասել է Էստոնիայի վարչապետը։
Delfi-ի տվյալներով՝ նոր կոալիցիայի բարեփոխումները պետք է «էականորեն բարձրացնեն մարդկանց տնտեսական անվտանգության զգացողությունն ու դժվարությունները հաղթահարելու ընտանիքների կարողությունները»։ Համաձայն նախատեսվող պլանների՝ Էստոնիայում երեխաների համար հատկացվող նպաստը կբարձրացվի մինչև 80 եվրոյի, բազմազավակ ընտանիքների համար՝ մինչև 600 եվրոյի, իսկ առանց հարկերի նվազագույն աշխատավարձը՝ մինչև 654 եվրոյի։ Նաև 2024 թվականին կսկսվի մանկապարտեզներում, առաջին և չորրորդ դասարաններում էստոներենով կրթությանն անցումը։
Էստոնիայի նոր կառավարությունը նախատեսվում է, որ կձևավորվի հաջորդ հանգստյան օրերին։ Իշխող կոալիցիայի ձևավորման մասին համաձայնագրին հնարավոր է եղել հասնել «Բարեփոխումների կուսակցության», «Հայրենիք» կուսակցության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև՝ գրեթե մեկ ամիս շարունակվող բանակցություններից հետո։
«Բարեփոխումների կուսակցության» առաջնորդ Կայա Կալասն առաջին կին քաղաքական գործիչն էր, որն զբաղեցնում էր Էստոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը նրան այդ պաշտոնում նշանակել էր 2021 թվականի հունվարի 26-ին։