Ջրհեղեղ՝ Քաշմիրում. 16 ուխտավորներ զոհվել են, տասնյակ մարդիկ՝ անհետ կորել
Հնդկաստանի Քաշմիրի շրջանում 16 մարդ է զոհվել, իսկ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների ջրհեղեղի հետեւանքով, որը հարյուրավոր վրաններ է քշել հայտնի հինդուիստական ուխտատեղիի մոտ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Երբ ջրհեղեղը տեղի է ունեցել, մոտ 10 000 մարդիկ ճամբար են ստեղծել Ամարնաթհ տաճարի մոտ, որը գտնվում է Հիմալայան լեռնային քարանձավում:
Ուղղաթիռները տարհանել են զոհվածներին եւ բազմաթիվ ուխտավորների Բալթալ բազային ճամբարից, որը գտնվում է սրբավայրից հյուսիս:
«Առայժմ մենք գտել ենք 16 մարմին, եւ առնվազն 40-ը անհետ կորել են»,- AFP-ին ասել է աղետների հետեւանքների վերացման գործակալության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ անվտանգության ուժերն ու փրկարարները փնտրում են անհետ կորածներին ու վիրավորներին։
Ուխտագնացությունն 2019 թվականից հետո առաջին անգամ է անցկացվում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած երկամյա դադարից հետո։
Սովորական ժամանակներում սա ամենամեծ կրոնական իրադարձություններից մեկն է Քաշմիրում, որը մահմեդական մեծամասնություն ունեցող տարածաշրջան է եւ վիճարկվում է Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ, որը երկար ժամանակ եղել է հնդկական իշխանության դեմ ապստամբության վայր:
Սակայն նախկինում լեռներում տիրող վատ եղանակը ավելի մեծ սպառնալիք էր ներկայացնում, քան նույնիսկ անվտանգության խնդիրները այս անհանգիստ տարածքում:
Գրեթե 250 մարդ է մահացել 1996-ին, երբ անսպասելիորեն ձնաբուք է սկսվել այս տարածքում։