Ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի նախագահի նստավայրի տարածք
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շաբաթ օրը փախել է Կոլոմբոյի իր պաշտոնական նստավայրից, երբ ցուցարարները, որոնք հավաքվել էին նրա հրաժարականը պահանջելու համար, ներխուժել են համալիրի տարածք, AFP-ին հայտնել է պաշտպանության մարմիններում բարձրաստիճան աղբյուրը:
«Նախագահին ուղեկցել են անվտանգ վայր»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ զորքերը օդ են կրակել, որպեսզի թույլ չտան զայրացած ամբոխին գրավել նախագահական պալատը։
Շրի Լանկան տառապում է սննդամթերքի եւ վառելիքի անբավարարությունից, էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումներից եւ սրընթաց աճող ինֆլյացիայից այն բանից հետո, երբ սպառվել է կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ներկրելու համար անհրաժեշտ արտարժույթը:
Մարդկանց հսկայական բազմություն է հավաքվել մայրաքաղաքում՝ ցույցի, որը երկրում աննախադեպ տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած անկարգությունների վերջին դրսեւորումն է։
Ոստիկանությունը չեղարկել է ուրբաթ օրը հայտարարված պարետային ժամը այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները, իրավապաշտպանները եւ փաստաբանների ասոցիացիան սպառնացել են դատի տալ ոստիկանապետին։
Հազարավոր հակակառավարական ցուցարարներ արհամարհել են տանը մնալու հրամանը եւ նույնիսկ ստիպել են երկաթուղու իշխանություններին գնացքներ գործարկել՝ շաբաթօրյա հանրահավաքին իրենց Կոլոմբո տանելու համար, հայտնել են պաշտոնատար անձինք։