Fitch վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը՝ «B+»-ից մինչև «B»
Fitch վարկանշային գործակալությունը ուրբաթ իջեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը «B+»-ից մինչեւ «B»՝ պատճառաբանելով աճող ինֆլյացիան եւ տնտեսության հետ կապված լայն մտահոգությունները՝ սկսած ընթացիկ հաշվի դեֆիցիտի ընդլայնումից մինչեւ ինտերվենցիոն քաղաքականություն, հաղորդում է Reuters-ը:
Հունիսին Թուրքիայում ինֆլյացիան հասել է 24 տարվա առավելագույն մակարդակին՝ 78,62 տոկոսի, հիմնականում նախորդ տարվա վերջին արժութային ճգնաժամի եւ լիրայի կուրսի շարունակական անկման պատճառով։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տնտեսական հետեւանքները հանգեցրել են գների աճի նաեւ Թուրքիայում, որը կախված է ներմուծումից, հատկապես էներգակիրների եւ հումքային ապրանքների գների աճի պատճառով:
Իր հայտարարության մեջ գործակալությունը հաստատել է վարկանիշի կանխատեսումը «բացասական» մակարդակում՝ հավելելով, որ Թուրքիայում սպառման աճի դանդաղում է սպասում՝ ինֆլյացիայի, ավելի թույլ փոխարժեքի եւ ներքին վստահության նվազման պայմաններում:
Fitch-ը կանխատեսում է, որ այս տարի տարեկան ինֆլյացիան կկազմի միջինը 71,4 տոկոս, որն ամենաբարձր ցուցանիշն է գործակալության կողմից գնահատվող ինքնիշխան երկրների շրջանում՝ հավելելով, որ դրա հետագիծը մնում է խիստ անորոշ: Fitch-ի կարծիքով՝ միջին ինֆլյացիան 2023 թվականին կդանդաղի մինչեւ 57 տոկոս՝ 2023 թվականի հունիսից ոչ ուշ նշանակված խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ չափազանց թուլացած քաղաքականության պատճառով։
Անցյալ տարի լիրան կորցրել է իր արժեքի 44 տոկոսը դոլարի նկատմամբ՝ հիմնականում կենտրոնական բանկի տոկոսադրույքների մի շարք կրճատումների պատճառով, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հրահանգել: Այս տարի լիրան էժանացել է եւս 23 տոկոսով։
Կառավարությունը քայլեր է ձեռնարկել լիրայի անկումը կասեցնելու համար։ Բանկային հսկողություն իրականացնող BDDK-ի վերջին քայլը` սահմանափակելու լիրայով վարկավորումը շատ արտարժույթ ունեցող հարուստ ընկերություններին, օգնել է լիրային կարճ ժամանակով բարձրանալ անցյալ շաբաթ, քանի որ կորպորացիաները ամուր արժույթ են վաճառել:
Անդրադառնալով այդ քայլին՝ Fitch-ը հայտարարել է, որ «քաղաքականությունը գնալով դառնում է ավելի միջամտողական, ինչպես նաեւ անկանխատեսելի»:
Անցյալ տարվա տոկոսադրույքի իջեցումը Էրդողանի նոր տնտեսական օրակարգի մի մասն էր, որն առաջնահերթությունը տալիս է արտահանմանը, արտադրությանը եւ ներդրումներին` միաժամանակ ցածր պահելով փոխառությունների ծախսերը:
Դեկտեմբերից սկսած ցուցանիշը 14 տոկոս է, ինչի հետեւանքով իրական եկամտաբերությունը խորը բացասական տարածքում է։
Նպատակներից մեկը Թուրքիայի ընթացիկ գործողությունների քրոնիկ դեֆիցիտը պրոֆիցիտի վերածելն է, սակայն այդ ծրագրերը խափանվել են, քանի որ էներգակիրների եւ հումքային ապրանքների գները կտրուկ բարձրացել են ուկրաինական հակամարտության պատճառով՝ կտրուկ ընդլայնելով Թուրքիայի առեւտրային բալանսի դեֆիցիտը:
Գործակալությունը կանխատեսում է ընթացիկ հաշվի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի 5,1 տոկոսի չափով՝ կապված էներգակիրների գների աճի եւ արտաքին պահանջարկի թուլացման հետ՝ չնայած զբոսաշրջության վերականգնմանը։
Գործակալությունը նաեւ մատնանշել է կենտրոնական բանկի արժութային պահուստների վրա ճնշումների շարունակականությունը՝ չնայած դրանց համալրմանն ուղղված միջոցառումներին։ Կենտրոնական բանկի զուտ արժութային պահուստները հուլիսի 1-ի դրությամբ մնացել են 20 տարվա նվազագույն մակարդակում եւ կազմել են 7,51 միլիարդ դոլար: