Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը մրցապայքարի մեջ է մտել վարչապետի պաշտոնի համար
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը մրցապայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար, հայտնում է BBC-ն։
Ռիշի Սունակը ամենահայտնի գործիչն է, որը հայտարարել է իր առաջադրման մասին։
Հայտարարելով վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին՝ Սունակը նշել է, որ ցանկանում է «վերականգնել վստահությունը, վերականգնել տնտեսությունը եւ վերամիավորել երկիրը»:
Ջոնսոնը մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ թորիների կուսակցությունը չի ընտրել իր իրավահաջորդին։
Իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին են հայտարարել պատգամավոր Թոմ Թուգենդհաթը, գլխավոր դատախազ Սյուելա Բրավերմանը եւ իրավահավասարության նախկին նախարար Քեմի Բադենոհը։
Միեւնույն ժամանակ, նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւ առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը նույնպես դիտարկում են այդ պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը:
Brexit-ի հարցերով նախկին նախարար Սթիվ Բեյքերը հասկացրել է, որ մտածում է առաջնորդի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն հրաժարվել է այդ մտքից եւ աջակցել գլխավոր դատախազ Սյուելա Բրավերմանի թեկնածությանը:
Թորիների առաջնորդ դառնալու համար մրցավազքի ժամանակացույցը պետք է հաստատվի հաջորդ շաբաթ, իսկ նոր վարչապետը պաշտոնը կզբաղեցնի մինչեւ սեպտեմբեր: