Հայտնի է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորության օրն ու վայրը
Շաբաթ օրը սգացողերի անընդհատ հոսքն այցելել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վայր՝ արեւմտյան Նարա քաղաքում, հայտնում է Reuters-ը։
Երկուշաբթի օրը գիշերային հսկողություն կանցկացվի, իսկ Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ մտերիմ ընկերների ներկայությամբ, հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները։ Հիշատակի հանրային որեւէ արարողության մասին առայժմ չի հաղորդվել։
Հաղորդվում է նաեւ, որ հուղարկավորությունը տեղի կունենա Աբեի հայրենի քաղաք Սիմոնոսեկիում՝ Յամագուտի պրեֆեկտուրայում։
Սինձո Աբեի վրա հարձակումը կատարվել է նախօրեին՝ տեղական ժամանակով մոտավորապես 11.30-ին՝ Ճապոնիայի Նարա քաղաքում քաղաքական գործչի փողոցային ելույթի ժամանակ։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքից՝ մոտ 10 մետր հեռավորությունից։ Երկրորդ կրակոցից հետո Աբեն ընկել է։ Հարձակման ժամանակ նա հրազենային վնասվածք է ստացել պարանոցի աջ մասում, որն արյունահոսություն է առաջացրել։ Բացի այդ, արյունահոսություն է գրանցվել կրծքավանդակի ձախ կողմում։ Աբեն Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց տեղափոխվել է տեղական ժամանակով 12:20-ին։ Նրա մահը գրանցվել է տեղական ժամանակով 17։03-ին։ Բժիշկները քաղաքական գործչի մահվան հնարավոր պատճառն անվանել են արյան կորուստը։ Աբեն 67 տարեկան էր։
Յամագամիին տեղում ձերբակալել են, նա ավելի ուշ խոստովանել է իր արարքը։