Թունիսի նախագահը հրապարակել է սահմանադրության փոփոխված տարբերակը
Թունիսի նախագահ Կաիս Սայեդը հրապարակել է սահմանադրության նախագծի փոփոխված տարբերակը՝ իր կաբինետին տրված գրեթե անսահմանափակ լիազորությունների համար նախնական տարբերակի քննադատություններից հետո, հաղորդում է AFP-ն։
Սահմանադրությունը ներկայացվում է գրեթե մեկ տարի անց այն բանից, երբ Սայեդը կառավարության հրաժարականի հրամանագիր ստորագրեց, ցրեց խորհրդարանը եւ զավթեց լայնածավալ լիազորություններ, ինչը հակառակորդներն անվանեցին հեղաշրջում «արաբական գարնան» ապստամբությունների արդյունքում առաջացած միակ ժողովրդավարական համակարգի դեմ:
Սահմանադրության մշակումը համակարգող իրավաբան փորձագետը հայտարարել է, որ այն «բոլորովին տարբերվում է» իր հանձնաժողովի ներկայացրածից, եւ զգուշացրել է, որ որոշ հոդվածներ կարող են «ուղի հարթել բռնապետական ռեժիմի համար»:
Փոփոխված նախագիծը փոփոխություններ է մտցնում երկու հոդվածներում, թեեւ պահպանում է պետության ղեկավարի լիազորությունների լայն շրջանակը:
Նոր տեքստի հրապարակումից ժամեր առաջ Սայեդը պաշտոնական տեսահոլովակով հայտարարել է, որ «հարկավոր է ավելացնել պարզաբանումները՝ շփոթմունքից եւ մեկնաբանություններից խուսափելու համար»։
Փոփոխություններ են կատարվել հոդվածում, որտեղ ասվում է, որ Թունիսը «իսլամական համայնքի մի մասն է», եւ որ «պետությունը պետք է աշխատի իսլամի նպատակներին հասնելու համար». այժմ այնտեղ ավելացվել է «ժողովրդավարական համակարգի շրջանակներում» արտահայտությունը։
Այս կետը նախկինում լիովին աշխարհիկ համակարգի կողմնակիցների կողմից քննադատվել էր իր երկիմաստության համար, իսկ Amnesty International միջազգային իրավապաշտպան խումբը նախազգուշացրել էր, որ այն կարող է «այլ կրոնական խմբերի նկատմամբ խտրականություն կիրառելու մանդատ տրամադրել»:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է իրավունքների եւ ազատությունների մասին հոդվածին, որն այժմ հստակեցնում է, որ «ոչ մի սահմանափակում չի կարող դրվել սույն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների եւ ազատությունների վրա, բացառությամբ ժողովրդավարական կարգով սահմանված օրենքի եւ անհրաժեշտության»։
Փաստաթղթի մնացած մասը մնում է գրեթե անփոփոխ:
Սայեդը ցանկանում է ներդնել նախագահական համակարգ, մինչդեռ 2014 թվականի սահմանադրությամբ նախատեսված է խառը նախագահական-խորհրդարանական համակարգ, որը հաճախ փակուղում է հայտնվում կոռուպցիայի պատճառով:
Նրա առաջարկի համաձայն՝ «Հանրապետության նախագահը գործադիր գործառույթներ է իրականացնում կառավարության օգնությամբ», որի ղեկավարին նշանակում է նախագահը, եւ նա ենթակա չէ խորհրդարանի վստահության քվեի։
Փաստաթուղթը նվազեցնում է խորհրդարանի դերը՝ ստեղծելով նոր խորհրդարանական պալատ «տարածաշրջանների եւ շրջանների համար», ինչը համապատասխանում է իշխանության ապակենտրոնացման Սայեդի վաղեմի տեսլականին:
Նախագահը կդառնա զինված ուժերի ղեկավար եւ կնշանակի դատավորներ, որոնց կարգելվի ապստամբել։