Իլոն Մասկը հրաժարվել է գնել Twitter-ը
Միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվում է Twitter-ը գնելու իր 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի առաջարկից՝ պնդելով համաձայնագրի բազմաթիվ խախտումների մասին, հաղորդում է BBC-ն։
Մասկը հայտարարել է, որ հրաժարվել է գնումից, քանի որ Twitter-ը բավարար տեղեկատվություն չի տրամադրել սպամի եւ կեղծ հաշիվների քանակի մասին:
Twitter-ը հայտնել է, որ մտադիր է դիմել դատարան՝ համաձայնագրի պահպանումը ապահովելու համար:
«Twitter-ի տնօրենների խորհուրդը մտադիր է գործարքն ավարտել՝ պարոն Մասկի հետ համաձայնեցված գնով ու պայմաններով»,- գրել է Twitter-ի նախագահ Բրեթ Թեյլորը։
Միաձուլման սկզբնական համաձայնագիրը ներառում է 1 միլիարդ դոլարի վճար՝ գործարքի չկայացման դեպքում:
Մայիսին Մասկը հայտարարել է, որ գործարքը «ժամանակավորապես կասեցված է», քանի որ սպասում է թվիթերյան կեղծ էջերի թվի վերաբերյալ տվյալներին:
Միլիարդատերը խնդրել է ապացույցներ տրամադրել ընկերության այն պնդումներին, որ սպամն ու բոտերը կազմում են ընդհանուր օգտատերերի 5 տոկոսից քիչ մասը:
ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին ուղարկված նամակում Մասկի փաստաբանն ասել է, որ Twitter-ը չի տրամադրել կամ հրաժարվել է տրամադրել այս տեղեկատվությունը:
«Twitter-ը երբեմն անտեսել է պարոն Մասկի խնդրանքները, երբեմն մերժել դրանք անհիմն թվացող պատճառներով, իսկ երբեմն էլ հայտարարել է, որ կատարում է պահանջները՝ պարոն Մասկին տրամադրելով թերի կամ անօգտագործելի տեղեկատվություն»,- ասվում է նամակում:
Հինգշաբթի օրը Twitter-ը հայտարարել է, որ ամեն օր ջնջում է մոտ 1 միլիոն սպամ եւ բոտային հաշիվ:
Մասկը կարծում է, որ սպամը կամ բոտերը կարող են կազմել Twitter-ի օգտատերերի 20 տոկոսը կամ ավելին:
Հայտարարությունից հետո Twitter-ի բաժնետոմսերն ընդլայնված առեւտրի ընթացքում էժանացել են 7 տոկոսով: