Ֆլորիդայում սկսել են ոչնչացնել գիպս ուտող հսկա խխունջներին
Ֆլորիդայում կրկին հայտնաբերվել են աֆրիկյան հսկա ցամաքային խխունջներ, որոնք կարող են ուտել շենքերի գիպսն ու սվաղը, ոչնչացնել բույսերի հարյուրավոր տեսակներ եւ կրել հիվանդություններ, որոնք ազդում են մարդկանց վրա: Պաշտոնյաները հայտնել են, որ վնասատուներին ոչնչացնելու աշխատանքներն արդեն սկսվել են, գրում է AP լրատվական գործակալությունը։
Մինչեւ 20 սանտիմետր երկարություն ունեցող խխունջները հայտնաբերվել են Տամպա ծովածոցից հյուսիս: Ավելի վաղ երկու անգամ ոչնչացված այս կենդանիները կրկին հայտնվել են, ամենայն հավանականությամբ, էկզոտիկ կենդանիների ապօրինի միջազգային առեւտրի արդյունքում։
«Մենք կոչնչացնենք այս խխունջներին: Մենք դա նախկինում նախկինում արդեն արել ենք եւ նորից կանենք»,- ասել է Գյուղատնտեսության եւ սպառողական ծառայությունների պետական դեպարտամենտի հանձնակատար Նիկի Ֆրիդը։
Այս տեսակի խխունջները հայտնաբերվել են նաեւ Հավայան կղզիներում եւ Կարիբյան ավազանի որոշ տարածքներում, այդ թվում՝ Կուբայում, որտեղ պայքարում են կղզին վնասատուներին մաքրելու համար:
Հայտնի է, որ վերոնշյալ տեսակին պատկանող խխունջները ուտում են 500 տարբեր տեսակի բույսեր, ինչը սպառնում է գյուղատնտեսությանը: Նրանք ուտում են նաեւ գիպս եւ սվաղ, ինչպես նաեւ ծառերի կեղեւ: Բացի այդ խխունջները կրում են «առնետի թոքերի որդ» կոչվող մակաբույծը, որը մարդկանց մոտ մենինգիտի առաջացման պատճառ կարող է դառնալ: