Դեպի Հատիս լեռան գագաթը այցին կմասնակցի ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիսավոր այց տեղի կունենա դեպի Հատիս լեռան գագաթը, որտեղ նախատեսվում է Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը: Շրջայցի ժամանակ նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում: Մեր տեղեկություններով, միջոցառմանը կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որի հետ նախօրեին Մադրիդում հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի այն հեղինակավոր կազմակերպություններից է, որը 150 երկրների զբոսաշրջության ոլորտի աշխատանքներն է կազմակերպում եւ 500 փոխկապակցված անդամներ ունի: Այցին կմասնակցեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ արձանն ամբողջությամբ 77 մետր բարձրություն է ունենալու եւ տեղադրվելու է ամենաբարձրադիր վայրում: Արդեն իսկ ճանապարհ է բացվում դեպի նշված տեղանքը, եւ շինարարական աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել: Ճանապարհի կառուցումը եւ արձանի տեղադրումը, ըստ նախնական հաշվարկների, տեւելու են շուրջ 3 տարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: