Ֆրանսիայում անտառային հրդեհներ են
Հարյուրավոր հրշեջներ պայքարում են Ֆրանսիայի հարավում խոշոր հրդեհի դեմ, հայտնում է Al Jazeera-ն։
Կրակն արդեն այրել է ավելի քան 600 հեկտար անտառ։ Հրշեջներին առայժմ չի հաջողվում հրդեհը հսկողության տակ առնել: Ֆրանսիայի Գարդ շրջանի հարավային հատվածում տարերքի դեմ պայքարում ներգրավվել է ավելի քան 900 մարդ։
Արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից որպես «մեգահրդեհ» նկարագրված հրդեհը բռնկվել է Բորդեզակ գյուղի մոտակայքում։ Հինգշաբթի երեկոյան հարկադիր տարհանումներ են կատարվել համայնքներից:
Կրակը մարելու համար ներգրավված է 12 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ։ Վտանգավոր տարածքների մոտ ճանապարհները փակ են.
Իրավիճակն ավելի է սրում տարածաշրջանում անոմալ շոգն ու երաշտը։ Հրշեջ վարչությունը հայտնել է, որ հազարավոր հեկտարներ անտառային տարածքներ վտանգի տակ են, քանի որ քամու պոռթկումները մինչև 80 կմ/ժ արագության են հասնում և տարածում կրակը: Այս պահին հրդեհի դեմ պայքարը դեռ շարունակվում է։