Բայդենը երկկողմ բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Մերձավոր Արեւելք այցի ընթացքում երկկողմ բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի եւ երկրի ղեկավարության, այդ թվում՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահի այցը կստուգի Սաուդյան Արաբիայի հզոր թագաժառանգ արքայազնի հետ հարաբերությունները վերականգնելու նրա կարողությունը, որին նա նախկինում վտարակ էր անվանել, հայտնում է Reuters-ը։
Բայդենին պետք է նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի օգնությունը ԱՄՆ-ում բենզինի բարձր գների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ կապված այն բանի հետ, որ նա խրախուսում է Եմենում պատերազմը դադարեցնելու ջանքերը այն բանից հետո, երբ սաուդցիները վերջերս երկարաձգեցին հրադադարը: ԱՄՆ-ը ցանկանում է նաեւ զսպել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ Չինաստանի գլոբալ ազդեցությունը:
Սակայն պարզ չէ, թե արդյոք Բայդենը անձնական բանակցություններ կունենա թագաժառանգ արքայազն Մուհամմեդի հետ, որն ԱՄՆ հետախուզական հանրության կարծիքով կանգնած է 2018 թվականին Washington Post-ի լրագրող եւ քաղաքական հակառակորդ Ջամալ Խաշոգջիի սպանության հետեւում:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է, որ Բայդենի այցը ներառում է նման հանդիպում։
«Նախագահը երկկողմ հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի թագավորի եւ նրա ղեկավարության թիմի հետ»,- ասել է Քիրբին։ «Ինչպես գիտեք, թագաժառանգը առաջնորդների այս թիմում է: Այնպես որ, նա այս հանդիպման մի մասն է լինելու: Ուստի նախագահն, իհարկե, կտեսնի թագաժառանգին այս ավելի լայն երկկողմ քննարկման համատեքստում»։
Քիրբիի խոսքով՝ Բայդենը նաեւ կքննարկի Եմենում հրադադարը եւ կանդրադառնա մարդու իրավունքներին ու էներգետիկ անվտանգությանը Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։
ԱՄՆ պաշտոնյաները տարածաշրջանի ղեկավարների հետ քննարկում են նաեւ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու հնարավորությունը՝ Իրանի կողմից սպառնալիքի պայմաններում, ասել է Քիրբին։