Կապանի քաղաքապետն Աննա Հակոբյանին դիմավորեց առանց ծաղիկների
Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան: Այնտեղ նրան առանց ծաղիկների դիմավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Համայնքի ղեկավարն Աննա Հակոբյանին ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը, սրահներում ցուցադրված աշխատանքները: «Կապանի ժամանակակից արվեստի թանգարան»-ը գործում է 1990 թվականի մայիսի 10-ից: Թանգարանը սուբվենցիոն ծրագրով նորոգվել է և վերաբացվել 2021 թվականին: Մշակութային կենտրոնի 6 սրահում ցուցադրված են կապանցի արվեստագետների, գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունները: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սրահում ցուցադրվող իր աշխատանքներն է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Սարգսյանը:
Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:
Աննա Հակոբյանը համայնքի ղեկավարից հետաքրքրվեց նաև Կապանում իրականացվող շինաշխատանքներից: Գևորգ Փարսյանը հայտնեց՝ դրանք ակտիվ փուլում են, այժմ համայնքում կառուցվում է 3 բարձրահարկ շենք:
Հիշեցնենք, որ Փարսյանի դեմ Փաշինյանի իշխանության օրոք քաղաքական գործընթացներ իրականացվեցին, ավագանին լուծարվեց, նշանակված նոր ընտրություններում Փարսյանը վերընտրվեց։
Հիշեցնենք, որ երեկ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ծաղիկներ էր նվիրել համայնք այցեկած Աննա Հակոբյանին։ Փաշինյանի օրոք անազատության մեջ հայտնված Փարամազյանին շատերը քննադատեցին արարքի համար, այդ թվում նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փարամազյանն այլևս այդ կուսակցության անդամ չէ։