Բանակցային սեղանի տակից պիտի դուրս գանք ու վերադառնանք բանակցային սեղանի շուրջ. ադրբեջանագետ
Բանակցային սեղանի տակից պիտի դուրս գանք ու վերադառնանք բանակցային սեղանի շուրջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից տեղահանված Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ իրենք հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, քանի որ չեն ցանկանում Արցախում բնակվող մարդիկ կիսեն իրենց ճակատագիրը:
«Հանցավոր սխալ է թույլ տրվել, երբ ժամանակին ԼՂՀ-ում ադրբեջանահայ փախստականներին բաժանել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր՝ չստեղծելով դրա համար սոցիալ-քաղաքական, իրավական հիմքեր: Այդ մարդկանց զրկել են օրինական իրավունքներից, այդ թվում իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու, միջազգային կազմակերպություններից օգտվելու իրավունքից: Եթե նրանք չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, չեն ճանաչում ԼՂՀ-ն որպես ՀՀ-ի անբաժան մաս, բայց այս մարդկանց տրամադրել են ՀՀ անձնագրեր, որն էլ խոչընդոտ է հանդիսացել խնդիրի իրավական լուծմանը»,-ասաց նա:
Նրանք լուծումներից են համարում այն, որ իշխանությունները հետևեն միջազգային փորձին, բաժանեն ԼՂՀ անձնագրեր, որպեսզի հադրութցիները կարողանան հավակնել փախստականի կարգավիճակին:
«Այս հարցը պետք է անհապաղ լուծում ստանա: Փրկօղակ կարող է լինել նաև Արցախի անկախության ճանաչումը: Երբ մեզ տրամադրեն անձնագրեր, այդ ժամանակ կկարողանան բանակցային սեղանին դնել այս մարդկանց հայրենիք վերադառնալու ճակատագիրը: Այս մարդկանց ցանկությունը ոչ թե արտասահման գնալն է, այլ վերադառնալ և վերատիրանալ իրենց հայրենիքին»,-ասաց Այվազյանը: