Ուկրաինան դեմ է Կանադայի կողմից «Գազպրոմին» Գերմանիա մատակարարվող բնական գազի տուրբինը հանձնելուն
Ուկրաինան առարկում է այն հարցում, որ Կանադան Գերմանիա գազի մատակարարման տուրբինը հանձնի «Գազպրոմին», քանի որ այդ քայլը «հակասում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», Reuters-ին տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության աղբյուրը։
Անցած ամիս «Գազպրոմը» կրճատել էր «Հյուսիսային հոսք-1» գազատարի թողունակությունը՝ թողնելով սովորական մակարդակի 40 տոկոսը։ Պատճառաբանվել էր, որ ուշանում է Կանադայում գերմանական Siemens Energy-ին սպասարկող տուրբինի վերադարձը։
«Պատժամիջոցներն արգելում են գազի հետ կապված որեւէ սարքի հանձնում»,- ասել է աղբյուրը էներգետիկայի նախարարությունում։ «Եթե, Աստված մի արասցե, այդ որոշումը հավանության արժանանա, մենք, անկասկած, կդիմենք մեր եվրոպացի գործընկերներին՝ խնդրելով վերանայել իրենց մոտեցումը։ Որովհետեւ, եթե երկրները չկատարեն իրենց համաձայնեցված որոշուները պատժամիջոցների մասին, ի՞նչ համերաշխության մասին կարող է խոսք լինել»։
Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան աղբյուրը տեղեկացրել է, որ Ուկրաինան տեղեկություն ունի այն մասին, որ Կանադան պատրաստվում է հանձնել տուրբինը։
Տուրբինը վերադարձնելու որոշումն արդեն ընդունվել է, տեղեկացրել է հարցին ծանոթ աղբյուրը՝ ավելացնելով, որ Կանադան եւ Գերմանիան չեն ցանկանում, որպեսզի տուրբինը Ռուսաստանի համար դառնա «Հյուսիսային հոսք-1»-ով գազի մատակարարումները դադարեցնելու պատրվակ։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հունիսին Կանադային հորդորում էր, որ չհանձնի տուրբինը ռուսական գազի հսկային, համաձայն այն նամակի, որին ծանոթացել էր Reuters գործակալությունը։
Նամակում նախարարը հավաստիացնում էր, որ Ռուսաստանը նախկինի պես իր տրանզիտային երթուղիների ավելի քան բավականաչափ թողունակություն ունի՝ առանց տուրբինների մատակարարումն ապահովելու համար։