Վերջին ամիսներին աննախադեպ են հերթերը Երևանի անձնագրային և վիզաների վարչություններում. Քաղաքացիները ստիպված են լինում նույնիսկ օրերով իրենց հերթին սպասել. հերթագրման համակարգը չի գործում
Վերջին ամիսներին աննախադեպ են հերթերը Երևանի անձնագրային եւ վիզաների վարչություններում: Քաղաքացիները ստիպված են լինում նույնիսկ օրերով իրենց հերթին սպասել: Պատճառները մի քանիսն են՝ ամռանը ավելացել է երկրից մեկնողների թիվը, ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ կտրուկ աճել է Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Հայաստան, որոնք այստեղ երկար մնալու մտադրություն ունեն եւ հաշվառում են անցնում:
Բացի այդ՝ ինչպես ոստիկանությունն էր նախօրեին հայտնել, այս տարի շուրջ երեք անգամ ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հայտերի թիվը: Տարվա առաջին վեց ամիսներին նման 9917 հայտ է ստացվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 3448 էր:
NEWS.am–ի նկարահանող խումբն երեկ եղել է Արաբկիրի անձնագրային և վիզաների վարչությունում, որտեղ կեսօրին հերթում սպասողների թիվը 200-ից ավելի էր: Քաղաքացիները պատմել են, որ հերթագրման համակարգը չի գործել և նրանք ինքնուրույն հերթի ցուցակ են կազմել:
««Կաշմառ» ա, մի քանի օր է՝ վիզա խփելու համար էստեղ եմ, բայց հերթ չի հասնում։ Իրենց փոխարեն քաղաքացիներն են հերթագրում»,– ասաց Մարիամ Կարապետյանը։
Մի սփյուռքահայ էլ նշեց.
«3–րդ օրն է գալիս ենք, հերթի մեջ 100 հոգի կա, էսօր էլ նույն վիճակն է, ընդամենը պետք է գրանցվենք»։
Քաղաքացիներից շատերը անձնագրերի ժամկետները երկարացնելու համար էին եկել.
«10։30–ից էստեղ եմ, ժամը 1–ը անց է, դեռ իմ հերթը չի հասել, ու չգիտեմ՝ ընդմիջումից հետո ինձ հերթ կհասնի՞, թե՝ ոչ»։