Սինձո Աբեն մահափորձից հետո անգիտակից վիճակում է
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն Նարա քաղաքում մահափորձից հետո գիտակցության չի եկել։
Ինչպես տեղեկացրել է Kyodo News-ը, կրակել են նրա թիկունքին։ Կրակոցն արձակվել է կոտորակի հրացանից։ Աբեն գետնին է ընկել այն բանից հետո, երբ երկու կրակոց է հնչել։ Հարձակվողը կալանավորվել է պատահարի վայրում՝ մահափորձ կատարելու կասկածանքով, տեղեկացրել են ոստիկանությունում։
Japan Times-ը տեղեկացրել է, որ Աբեի վիճակը ծայրահեղ ծանր է։
Աբեն եկել էր Նարա՝ պաշտպանելու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուին, որն առաջադրվել է վերին պալատի ընտրություններում։
Ճապոնիայի կառավարությունը հաստատում է, որ Աբեի վիճակը ծանր է։ Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել է, որ չի կարելի համակերպվել ցանկացած դաժան գործողության հետ։ «Նման բարբարոսական վարքագիծն անընդունելի է՝ ինչ պատճառով էլ որ լինի, եւ մենք վճռականորեն դատապարտում ենք այն։ Կառավարությունը կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները՝ իրավիճակը պարզելու համար»,- ասել է Մացունոն։
Նա նշել է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան, որը գործուղման մեջ է, անհապաղ տեղեկացվել է պատահածի մասին եւ շտապ կվերադառնա աշխատավայր։ Մացունոն ասել է, որ հանձնարարել է երկրի տարբեր մասերում գտնվող նախարարներին անհապաղ վերադառնալ Տոկիո։ Վարչապետը պետք է ելույթ ունենա այսօր ավելի ուշ։