Ինչպես իջեւանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ կամ բումերանգի էֆեկտը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջևանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջեւանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:
Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի` 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը եւ վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջեւանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարեւոր ամբիոնի վարիչը:
Մեր տեղեկություններով` Մհեր Աղալովյանին «վերեւներից» հրահանգել են բախտը չփորձել եւ չառաջադրվել, քանի որ որոշված է` այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը` Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ` 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է եւ 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում:
Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, եւ ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը` 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է` ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջեւանցի լինելն է․ որեւէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ եւ մինչ օրս դիմորդների հետ է պարապում` բուհ ընդունվելու համար:
Հայկ Քամալյանի հայրը` Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջեւանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ: Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ եւ կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջեւանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց` ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք:
Մենք նաեւ կապ հաստատեցինք ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, որն ասաց, որ հուլիսի 1-ին տեղի է ունեցել ամբիոնի վարիչի ընտրություն, եւ ամբիոնի վարիչ է նշանակվել Հայկ Քամալյանը, սակայն, իր կարծիքով, այդ նշանակման մեջ որեւէ արտառոց բան չկա: «Հայկ Քամալյանն է ընտրվել այդ պաշտոնում, ի՞նչ կա որ»:
Այն հարցին, թե նախկին ամբիոնի վարիչն ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, եւ ինչու է վարիչի միակ թեկնածուն Հայկ Քամալյանը եղել, ռեկտորը նշեց. «Ես հարցրել եմ պարոն Աղալովյանին, թե ինչու չի առաջադրում իր թեկնածությունը, նա պատասխանել է, թե հոգնել է, չի ուզում այլեւս»: Ռեկտորն այլ հարցերի չցանկացավ պատասխանել, նշեց, թե խիստ զբաղված է եւ երկար խոսել չի կարող:
Այս պատմությունը կիսատ կլիներ, եթե մենք դրա նախապատմությունը եւս չներկայացնեինք ընթերցողին: Բանն այն է, որ մինչեւ 2017 թվականը այս ամբիոնի վարիչը եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա ստաժ ունեցող գիտնական Արկադի Հայրապետյանը: Նա ծնունդով Բարսեղ Բեգլարյանի համագյուղացին է եւ հովանավորյալը։ Երբ 2017 թվականին եկել է ամբիոնի վարիչ ընտրելու ժամանակը, Ֆլեշի Բարսեղը չի կարողացել իր հովանավորյալին կրկին ընտրել տալ:
Այդ ժամանակ Փեթակի Վարուժը` Վարուժան Գրիգորյանը, ավելի հզոր է գտնվել եւ անցկացրել է իր թեկնածուին, իսկ Հայրապետյանին արգելել են առաջադրել թեկնածությունը: Ճիշտ է` Մհեր Աղալովյանն արդարացրել է իրեն եւ, իսկապես` լավ է աշխատել, բայց անարդարությունից է սկսվել նրա պաշտոնավարումը, եւ հիմա կարող ենք ասել, որ բումերանգը վերադարձել է իրեն: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ այս իշխանությունը մազաչափ անգամ հետ չի մնում նախորդներից՝ արատավոր ավանդույթները շարունակելու հարցում: Մի բան է փոխվել` այժմ համատարած անարժան ու ցածրորակ կադրեր են հայտնվում բարձր պաշտոններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: