Մայլի Սայրուսի կրտսեր քույրը պատմել է իր կախվածության մասին
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Նոա Սայրուսը՝ երգչուհի Մայլի Սայրուսի կրտսեր քույրը, անկեղծորեն խոսել է «քսանաքսից» (պատրաստուկ, որը հայտնի է նաեւ «Ալպրոզոլամ» անվանումով) իր կախվածության մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Երգչուհին պատմել է, որ պատրաստուկն առաջին անգամ փորձել է 18 տարեկանում սիրելիի հետ։
«Երբ 18 տարեկան էի, իմ ընկերն առաջին մարդն էր, ով ինձ տվեց քսանաքս, եւ դա մեզ համար դարձավ մտերմանալու միջոց: Կարծում եմ՝ ցանկանում էի համապատասխանել նրան։ Ես ուզում էի լինել այն մարդը, որը նա էր ուզում։ Կարծում էի, որ անում էի այն, ինչ բոլորն են անում», - հայտնել է արտիստուհին։
Դեղամիջոցի երկարատեւ օգտագործումից հետո Նոան սկսել է օրեր շարունակ քնել. «Ես երկար քնում էի։ Չէի կարողանում գլուխս բարձրացնել կամ աչքերս բաց պահել։ Շատ հեռուն էի գնացել։ Այն ուղղակի դարձել էր մութ անհուն հոր»։
Մայլի Սայրուսի կրտսեր քրոջ խոսքերով՝ կախվածությունից ազատվելու գործում նրան օգնել են ընտանիքի անդամները, մտերիմները, ինչպես նաեւ համբերությունը։