35 երկիր հորդորել է միջազգային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանին
35 երկրների կառավարություններ համատեղ հայտարարությամբ դիմել են մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին՝ հորդորելով հեռացնել Ռուսաստանի եւ Բելառուսի համապատասխան կառույցներից, հաղորդում է tass.ru-ն։ Պատճառը Ուկրաինայում շարունակվող պատերազմն է։
«Ռուսաստանի եւ Բելառուսի մարզական գերատեսչություններն ու ֆեդերացիաները պետք է հեռացվեն միջազգային մարզական կառուցներից»,- նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրությունում։
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի կառավարությունները։
Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներն առայժմ մասնակցում են որոշ մարզաձևերի միջազգային մրցումների չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։ Թիմային մարզաձևերում նրանց մասնակցությունն արդեն արգելվել է։