ՌԴ-ում Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվել է փոխել հասցեն
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը РИА Новости-ին հայտնել է, որ չի օգտագործի ԼԺՀ (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության) հրապարակի նոր հասցեն և ակտուալ է համարում նախկին հասցեն։
Գործակալությունը գրում է, որ Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունը նախօրեին հայտնել էր, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը ստացել է նոր հասցե՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, սեփականություն 1:
Ինչպես հետևում է դիվանագիտական առաքելության մեկնաբանությունից, բրիտանացի դիվանագետները մտադիր չեն ճանաչել այս փոփոխությունը։
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայիս հասցեն նշված է դեսպանատան պաշտոնական կայքում», – հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։ Այնտեղ այն նշված է որպես 121099, Մոսկվա, Սմոլենսկայայի առափնյա փողոց, 10։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ» անվանումը տրվել է անանուն տարածքին, որը տեղակայված է Սմոլենսկայա առափնյա փողոցի երկայնքով: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը համապատասխան հրամանագիրը ստորագրել է հուլիսի 5-ին։
Գործակալությունը նշում է, որ հունիսի վերջին քաղաքային իշխանությունները վերանվանել էին ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը. այժմ այն գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1 հասցեում: Ի պատասխան՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը չի գործածում հասցեն սովորական ձևաչափով. այնտեղ նշված են միայն լայնությունը և երկայնությունը: