Թուրքիայի հետ տնտեսական կապերը և Հայոց ցեղասպանությունը չի կարելի խառնել իրար․ Աֆեյան
Պետք է որոշ գործընթացներ (Հայոց ցեղասպանությունը) տարանջատել մյուսներից, չխառնել դրանք։ Այս մասին հուլիսի 7-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկյան Moderna դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, հետեւաբար, ոչ մի իշխանություն չի կարող ազդել դրա վրա, եւ եթե չլիներ ցեղասպանությունը, հայերի մեծամասնությունը չէր ցրվի աշխարհով մեկ։
«Երկու տարի առաջ, երբ համաշխարհային լրատվամիջոցները խոսում էին իմ պատվաստանյութի մասին, Թուրքիայում գրեցին, որ ես թուրք եմ, որը ժամանակին տեղափոխվել է այլ երկիր, իսկ հետո արձագանք եղավ, որ եթե այնտեղ հայերին չսպանեին, գուցե մենք շարունակեինք այնտեղ ապրել»,- հավելեց Աֆեյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ներկայիս խոսակցությունները պետք է այլ ուղղությամբ ընթանան, պետք է կենտրոնանալ ներկայի ու ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։ «Անցյալը կարելի է ուսումնասիրել իրավական եւ այլ մեթոդներով, հետեւել, թե ինչ կլինի Թուրքիայի պարտավորությունների եւ մոտեցումների հետ։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ մենք զգուշորեն, աստիճանաբար չենք կարող տնտեսական կապեր ստեղծել։ Ի վերջո, մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, եւ Հայաստանն այլ տեղ չի կարող տեղափոխվել»,- եզրափակեց Աֆեյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Աֆեյանին շնորհվել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։