Բայրամովը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի մասին. Սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է
Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները՝ սահմանների սահմանազատման գործընթացը հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Այս մասին, ըստ АПА-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանների որոշման հանձնաժողովների ձեւավորումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զինծառայողների դեէսկալացիայի եւ սահմանից դուրս բերելու հետ կապված»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
«Սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմաններին, եւ մեր պարտքն է պաշտպանել մեր սահմանները։ Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրելով պատմական, իրավաբանական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է: Այն հնարավոր չի սկսել ցանկացած ժամանակ եւ ավարտել կարճ ժամանակում։ Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովն ինքնին արդեն առաջընթաց է։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Չի բացառվում հերթական հանդիպումների անցկացումը»,- ասել է նախարարը։