Մեծ Բրիտանիայում պաշտոնանկությունները շարունակվում են
Մեծ Բրիտանիայում հրաժարական են ներկայացրել երեխաների և ընտանիքների հարցերով նախարար Ուիլ Քուինսը և տրանսպորտի նախարարության խորհրդարանական քարտուղար Լորա Թրոթը՝ հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: Ըստ վերջին տեղեկությունների՝ հրաժարական ներկայացրած բրիտանացի պաշտոնյաների թիվը հասել է 30-ի:
Բոլորն իրենց հրաժարականը բացատրում են վարչապետ Բորիս Ջոնսոնի վարած քաղաքականության ու հատկապես պահպանողական պատգամավոր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալով։ Կառավարությունում պաշտոն ստացած Փինչերին անցյալ շաբաթ մեղադրել են երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, որից հետո նա հրաժարական է տվել։
Չնայած ստեղծված վիճակին` Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան բախվում է լուրջ մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային, և հենց այդ մարտահրավերների վրա էլ նա մտադիր է կենտրոնանալ: