Հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը եռակողմ խմբի շրջանակներում շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։
«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։ Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Երեւանի, Բաքվի եւ նրանց հարեւանների։ Իրենց աշխատանքի արդյունքների մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասել է նա։