Բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը:
ՔԿ-ից հայտնում են, որ Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է 2022թ. հուլիսի 04-ին` ժամը 20:15-ի սահմաններում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Սևան քաղաքի 27 և 34-ամյա բնակիչներ են:
Նախնական տվյալներով՝ նշված օրը Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել վերջիններիս միջև, ինչը շարունակվել է նույն քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտ, որի ընթացքում նշված անձինք իրենց մոտ պահվող հրազեններից կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ Ոստիկանությունից ստացված զեկուցագիրը պարունակել է առերևույթ հանցաքների փաստական նկարագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից հիշյալ անձանիցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:
Հայտնաբերվել է նաև վերջինիս պատկանող ‹‹Range Rover›› մակնիշի ավտոմեքենան՝ հրազենային վնասվածքներով, իսկ դեպքի վայրի զննությամբ՝ շուրջ երեք տասնյակ պարկուճ:
Նշանակվել են դատաքրեագիտական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: