ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելք. Ինչպես նախապես ազդարարվել է, ԱՄՆ նախագահը կայցելի Իսրայել. Ինչ հետևանքներ Հայաստանի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելք: Ինչպես նախապես ազդարարվել է, ԱՄՆ նախագահը կայցելի Իսրայել, կլինի Պաղեստինի ինքնավարությունում, կայցելի նաև Սաուդյան Արաբիա: Չի բացառվում իհարկե, որ նախագահ Բայդենը ընդլայնի մերձավորարևելյան երթուղին, հաշվի առնելով այն բավականին ինտենսիվ դիվանագիտական գործընթացները, որ ծավալվում են այդ ռեգիոնում: ԱՄՆ նախագահի այցի առանցքային թեմաների շարքում են Ռուսաստանի նավթային խաղաքարտի սահմանափակման հարցում Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածությունների հասնելը, ինչպես նաև Իրանի հարցը, որը թերևս ամենաառանցքայինն է: Վաշինգտոնի համար իրավիճակը մոտ է «անկեղծության պահի»:, այս մասին գրում է 1in.am-ը:
Իհարկե, նաև Իրանի և թերևս ամբողջ ռեգիոնի համար: Թրամփից հետո նախագահությունը ստանձնած Բայդենին չհաջողվեց Իրանի հետ միջուկային գործարքի կայուն վերականգնում: Իհարկե դրան թերևս զգալիորեն խանգարեց և այն, ինչ ծավալվեց ուկրաինական ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ իրանյան հարցը ստացավ թերևս առավել սուր բնույթ և իմաստ: Վաշինգտոնն ընդհուպ պաշտոնական մակարդակում ընդունել է, որ Թեհրանը մոտ է միջուկային սպառազինություն ստեղծելուն, առաջին միջուկային ռումբն ունենալուն: Միևնույն ժամանակ, Իրանի նախորդ՝ ռեֆորմիստների կառավարության հետ նշմարվող բանակցային ընթացքը փաստացի չունեցավ արդյունավետ ընթացք, երբ նախագահ ընտրվեց պահպանողական Իբրահիմ Ռեյիսին: Դրան զուգահեռ, ուկրաինական պատերազմն ու դրա շուրջ առկա իրողությունները, Ռուսաստանի հարցերը էլ ավելի խճճեցին Իրանի միջուկային բանակցության թելերը: Այդ ամենը իհարկե առաջին հերթին անհանգստացնում է Իսրայելին և մերձավորարևելյան ռեգիոնի արաբական այն երկրներին, որոնց հարաբերությունն Իրանի հետ հարթ չէ: Իսկ այդտեղ խոսքը վերաբերում է գործնականում բոլորին, բացառությամբ գուցե Կատարի: Իսրայելը բազմիցս սպառնացել է, որ Իրանի միջուկային սպառազինությունն իր համար կարմիր գիծ է և պատրաստ է անմիջական ռազմական գործողության՝ այն հատել թույլ չտալու համար: Այդ գործողության հիբրիդային քայլեր Թել Ավիվն արդեն սկսել է, արդեն տևական ժամանակ հատուկ գործողություններ իրականացնելով և սպանելով իրանցի զինվորական սպաների և գիտնականների: Բայց, եթե իրավիճակը չվերադառնա բանակցային փուլ, և որքան Թեհրանն ավելի մոտենա միջուկային սպառազինության, այնքան մեծ է հավանականությունը, որ Իսրայելի գործողությունը կկրի ավելի ու ավելի ուղիղ և մասշտաբային բնույթ, որին բնականաբար կհակադարձի Իրանը և դա կարող է բերել պարզապես մերձավորարևելյան մեծ պատերազմի: Իսկ այդ խառնարանում արդեն կարող են բռնկվել այդ «դյուրավառ» թեմաներ, որոնք մերձավորարևելյան ռեգիոնում լիքն են: Եվ ոչ միայն մերձավորարևելյան և Ծոցի ռեգիոնում, այլ նաև Իրանի հյուսիսային սահմանին՝ Կովկասում: Առավել ևս, որ այն նաև Ռուսաստանի հարավային սահմանն է: Ավելին, հենց իրանյան խնդրով է պայմանավորված նաև վերջին շաբաթներին կովկասյան ուղղությամբ դիվանագիտական շարժերի մեծ աշխուժացումը, և այդ թվում Իսրայելի, որի պաշտոնյաները անցնող ամիսներին հաճախակի այցեր են կատարել Ադրբեջան, իսկ Ադրբեջանի պաշտոնյաները՝ Իսրայել: Կնքվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեծ արգոկենտրոններ կառուցելու համաձայնագրեր, նաև կիբերանվտանգության կենտրոն հիմնելու հուշագիր:
Կասկած չկա, որ այդ ամենն Իսրայելի համար լինելու է Իրանի հյուսիսային հատվածում հիբրիդային ճնշման մեխանիզմի ձևավորումը: Իսկ դա կարող է ենթադրել նաև այդ սահմանին նոր ապակայունացում, ըստ անհրաժեշտության: Շատ բան իհարկե կարող է կախված լինել Իսրայելի խորհրդարանի հերթական արտահերթ ընտրությունից: Օրերս այդ ընտրությանը իր կուսակցությամբ հաղթելու մտադրության մասին է ազդարարել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, ներկայիս կոալիցիոն կառավարության ֆինանսների նախարար Ավիգադոր Լիբերմանը, որը շաբաթներ առաջ այցելել էր Ադրբեջան: Ի դեպ, Լիբերմանը Ադրբեջան հնգօրյա այց էր կատարել դեռևս պաշտպանության նախարարի կարգավիճակում՝ 2018-ի հոկտեմբերին, երբ, ըստ մի շարք նշանների, թերևս ծրագրված էր Արցախի դեմ պատերազմ, ինչը սակայն հետաձգվեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բերումով: Լիբերմանը սերտ հարաբերություն ու կապեր ունի Իլհամ Ալիևի հետ և Իսրայելում նրա հաղթանակը Հայաստանի համար կարող է լինել գուցե արտահերթ ընտրության ամենավատ արդյունքը: Իհարկե խնդիրը լոկ Լիբերմանը չէ և նրա գործոնը թերևս ավելի շուտ ունի այսպես ասած խորհրդանշական իմաստ, բայց անկասկած է, որ իսրայելական ուղղությունը թերևս պետք է լինի Հայաստանի դիվանագիտական նամակ ուշադրության առարկա՝ Իրանի շուրջ զարգացումների համատեքստում: Իհարկե այդ ուղղությամբ հնարավոր է աշխատել թե անմիջականորեն, թե միջնորդավորված, սակայն պետք է անել դա հետևողական և աչալուրջ: Իրանի շուրջ կուտակվում են լիցքեր և դրանք հյուսիսային ուղղությամբ «լիցքաթափելու» ռիսկերը առավելագույնս արդյունավետ կառավարելն է հայկական քաղաքականության ներկայիս առանցքային խնդիրներից մեկը: