Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն. Զոհվածի ծնող
Մենք նախորդ անգամ պահանջել էինք, որ մեր գործը Քննչական կոմիտեից տեղափոխեն ԱԱԾ, հույս ունենք, որ կբավարևարվի մեր պահանջը. Դրա համար ենք այսօր եկել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը:
Նրա խոսքով, գործխը մեկ ամսից ավելի է, որ ՔԿ-ում է ու ոչ մի շարժ չկա. «Մենք Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ նշեցինք, որ կանչեն, հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ մի շարժ չկա: Ուղղակի ինքը մեր գլխի տակ փափուկ բարձր դրեց, ասեց՝ ծանոթանամ նյութերի հետ եւ այլն, բայց ամսից ավելի ի՞նչ կար ծանոթանալու, որ ոչ մի պատասխան չկա: Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն: Թող գործը տեղափոխվի ԱԱԾ, թող բացահայտի դավաճաններին: Մեր երեխեքին տարան, դավաճանեցին, ու բացահայտ է, թե ով է թուրք տականքը՝ իր հայտնի հայտարարությամբ: Ու այսօր ոչ մի պատասխան չունենք: Եթե ես գիտեմ, որ իմ երեխուն դավաճանել են, թիկունքից խփել են, այս դեպքում լռելն անիմաստ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Արգիշտի Քյարամյանը երեկ գեներալի կոչում է ստացել, Սեւակ Զաքարյանն ասաց. «Դե եթե կամակտար է, ոնց ասում է, այնպես շարժվում է, բնական է, որ գեներալ էլ կտա, մարշալ էլ: Այդ տականքի թելադրանքով է շարժվում, դրա համար չենք վստահում այդ կառույցին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը:
Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: