Հայաստանում Ռազմական ակադեմիա կստեղծվի. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է իրականացնում ռազմական կրթության ոլորտում։ Հանրապետությունում կստեղծվի Ռազմական ակադեմիա։ Այս մասին Ազգային ժողովում, հուլիսի 6-ին, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը եւ Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտը նախատեսվում է միավորել՝ դրանով իսկ ստեղծելով նոր Ռազմական ակադեմիա։ Դրանում կլինեն առանձին ֆակուլտետներ, այդ թվում սահմանապահ զորքերում ծառայության պատրաստման գծով։ «Մինչ այդ բարեփոխումը մենք առանձին ուսումնական հաստատություն չունեինք սահմանապահ զորքերի սպաներ պատրաստելու համար»,- նշել է նախարարը։ Պապիկյանը նշել է, որ սահմանապահ զորքերում ծառայել են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական ուսումնարանների շրջանավարտները։