Բարձր գները եւ անորոշությունը կդանդաղեցնեն գազի պահանջարկի աճը
Միջազգային էներգետիկական գործակալությունը հայտարարել է, որ բնական գազի բարձր գները եւ Ուկրաինայում պատերազմի պատճառով մատակարարումների հետ կապված մտավախություններն առաջիկա տարիներին կդանդաղեցնեն վառելիքի պահանջարկի աճը, գրել է AP-ը։
Փարիզում տեղակայված գործակալությունը կանխատեսում է, որ բնական գազի համաշխարհային պահանջարկը կավելանա 140 մլրդ խորանարդ մետրով 2021-2025թթ.։
Վերանայված կանխատեսումը հիմնականում պայմանավորված է տնտեսական աճի դանդաղման սպասելիքներով, այլ ոչ թե գնորդների՝ գազից ածխի կամ էներգիայի վերականգնվող աղբյուրների անցնելով։
«Պատերազմն Ուկրաինայում լրջորեն խափանում է գազի շուկաների աշխատանքը, որոնք արդեն լարվածության մեջ են»,- ասել է էներգետիկ շուկաների եւ անվտանգության գործակալության տնօրեն Կեյսուկե Սադամորին։
Եվրամիության երկրների ջանքերը ռուսական գազից հրաժարվելու ուղղությամբ կհանգեցնեն Ռուսաստանից ԵՄ գազի արտահանման 55-75 տոկոս նվազման, նշել է ՄԷԳ-ը։ Միեւնույն ժամանակ, կրճատվել են հեղուկացված բնական գազի մատակարարումները, օրինակ, Ասիա, որին 2025թ. բաժին կընկնի պահանջարկի աճի մոտ կեսը։
«Հիմա մենք նկատում ենք գների անխուսափելի աճ, քանի որ ողջ աշխարհի երկրները մրցակցում են հեղուկացված բնական գազի մատակարարման համար, բայց ամենակայուն պատասխանն այսօրվա գլոբալ էներգետիկ ճգնաժամին ավելի ակտիվ ջանքերն ու քաղաքականությունն են՝ ուղղված էներգիայի ավելի արդյունավետ օգտագործմանը եւ էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների անցման արագացմանը»,- ասել է Սադամորին։
Գործակալության եռամսյա հաշվետվությունում նշվել է, որ թողունակությունը մասամբ սահմանափակվել է՝ գազային ենթակառուցվածքում 2010-ականների կեսերին ներդրումների նվազմամբ եւ համավարակով պայմանավորված։ Նրա խոսքով՝ վերջերս կատարված նոր ներդրումները հազիվ թե ազդեն մինչեւ 2025թ. գազի մատակարարման վրա։