Իտալիայում տաքսու վարորդները զանգվածային գործադուլ են հայտարարել
Իտալիայի ամբողջ տարածքում մի քանի տասնյակ հազար տաքսու վարորդներ 48-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ ոլորտի ազատականացման, որը ենթադրում է հատուկ առցանց հավելվածների միջոցով մասնավոր ուղևորափոխադրումների իրականացում, հայտնում է ANSA գործակալությունը:
Տաքսու մոտ 40 000 վարորդների բողոքի ակցիաները կազմակերպած արհմիությունները գտնում են, որ այս փոփոխությունը բացասաբար կազդի մատուցվող ծառայությունների որակի վրա․ ծառայության գնի նվազմանը զուգահեռ՝ կիջնի նաև որակը։ Տաքսու վարորդներն իրենց հերթին հայտարարել են, որ սկզբունքորեն դեմ չեն տաքսի ծառայությունների մատուցման օնլայն հավելվածների առկայությանը, սակայն չեն ցանկանում, որ դրանք իրենց համար ոչ ձեռնտու պայմաններ թելադրեն։
Տաքսիստների գործադուլի պատճառով այժմ լուրջ դժվարություններ են առաջացել Իտալիայի բազմաթիվ քաղաքներում։