Խոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապազօրյա խնդիր է. Ելենա Կիրակոսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բնակչության սոցիալապես խոցելի խավի համար նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը հանապազօրյա խնդիր է:
Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը մոտ 84 000 է: Նպաստները միջինում կազմում են 30 հազար դրամ: Մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը վերջին պաշտոնական տվյալներով 76 300 դրամ է:
Վերջին ամիսների գնաճի միջին տեմպը 2+ % է, ուստի թանկացումներով ճշգրտված, նվազագույն սպառողական զամբյուղն այս պահին վստահաբար ավելի թանկ է: Փաստորեն՝ այն ներկայումս շատ ավելի անհասանելի է առնվազն 84000 ընտանիքի համար: Իսկ իրականում նվազագույն կենսական պահանջների բավարարման խնդիր ունեցող ընտանիքների թիվը կարելի է անգամներով բազմապատկել, քանի որ այս պահին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն էականորեն բարձր է նաև նվազագույն աշխատավարձի չափից (68 000 դրամ):
Ի՞նչ պետք է անի հաշմանդամություն ունեցող անձն այս պարագայում, ի՞նչ պետք է անի բնակչության անաշխատունակ հատվածը: Որտե՞ղ է այս պարագայում պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը…
Եթե տարին մեկ անգամ առկա գնաճի և կենսական կարիքների նվազագույն սահմանաչափի հետ որևէ առնչություն չունեցող եկամուտների մասնակի բարձրացումներում, ապա՝ անարդյունք փնտրտուք է սպասվում մեզ:
Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ ո՛չ 2022 թ. հունվարի մեկից թոշակների և նպաստների միջինում 3000 դրամ կազմող բարձրացումներն էին որոշ ապրանքների մասով 40 %-անոց գնաճին համապատասխան, ո՛չ էլ 2023թ.-ի հունվարից նախատեսվող բարձրացումներն են երաշխավորված, որ կծածկեն անհրաժեշտ կարիքների բավարարման խնդիրը: Հատկապես, որ նույն գնաճի հետ կապված ո՛չ փորձագիտական հանրույթի, ո՛չ ԿԲ-ի կողմից կանխատեսումներով չեն ակնկալվում շուտափույթ դրական փոփոխություններ:
Ուստի կրկին հարց է առաջանում՝ որտե՞ղ է պետության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը»: